Բերեզովսկին ինքնասպան է եղել, սակայն անորոշ մանրամասներ կան. բրիտանական ոստիկանություն
Բրիտանական ոստիկանությունը եզրահանգում է ներկայացրել, որ ռուս գործարար Սերգեյ Բերեզովսկին ինքնասպան է եղել, սակայն նշել է, որ գործի որոշ մանրամասներ անհասկանալի են մնում:
«Հետաքննության ընթացքում մենք հանգել ենք այն եզրակացության, որ մահվան պատճառ է դարձել ինքնասպանությունը»,- ոստիկանության եզրակացությունը մեջբերում է РИА Новости-ին:
Ոստիկանությանն այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ում է պատկանում մատնահետքերից մեկը, որը հայտնաբերվել էր լոգարանում, որտեղ գտել էին գործարարի մարմինը: Չի պարզվել նաև այն անձի ինքնությունը, ում երկու օր անց նկատել էին Բերեզովկու տան մոտակայքում:
Ինչպես Բերեզովսկու թիկնապահը, այնպես էլ՝ «շտապ օգնության» բժիշկը, ով զննել է մարմինը, կարծում են, որ գործարարն ինքնասպան է եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Բրիտանիայում Բերեզովսկու մահվան հետ կապված նոր հետաքննություն է սկսվել:










