Ղրիմի անեքսիային կարող է հաջորդել Մերձդնեստրն ու Լեռնային Ղարաբաղը. The Washington Post

11:52 • 26.03.14

Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան բացահայտեց ևս մեկ հեշտությամբ մոռացված իրականություն. աշխարհում շատ են մոխրագույն գոտիները, և այդ վիճելի տարածքները տագնապի տեղիք են տալիս, քանի որ դրանց ներկա կարգավիճակը հաճախ հակամարտության պատճառ է դառնում, գրում է The Washington Post-ը։

 

Իր սյունակում միջազգային քաղաքականության հայտնի փորձագետ Ադամ Թեյլորը նշում է, որ այժմ, երբ հայտնի է դառնում, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է՝ առանց միջազգային ճանաչման, նոր մոխրագույն գոտիներ են հայտնվում թերթերի էջերում։


«Այժմ բոլորի հայացքները շրջվել են Ուկրաինայից, այն բանից հետո, երբ ԱՄՆ օդուժի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարեց, որ Մերձդնեստրը կարող է շուտով թեժ կետ դառնալ։ Մերձդնեստրը միայն մեկն է այն մի քանի մոխրագույն գոտիներից, որոնք մնացել են Խորհրդային միության անկումից հետո»,- գրում է հեղինակը։

 

Փորձագետը հիշում է Վրաստանում 2008թ.-ին տեղի ունեցածը, ապա անդրադառնում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
 

Հեղինակը նշում է, որ Հայաստանում Ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը զգալի շահարկումների տեղիք է տալիս, որ ռուսական զորքերը կարող են միջամտել հակամարտությանը։

 

«Այդ շրջանների վերաբերյալ լարվածությունը պահպանվում է արդեն երկար տարիներ, սակայն տարածաշրջանից դուրս հազվադեպ է հայտնվում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Նրանք հանդիսանում են տագնապալի հիշեցումներ այն մասին, որ այդ մոխրագույն գոտիները՝ լինեն Հարավսլավիայում, Արևելաչինական ծովում թե այլուր, իրենց մասին հիշեցնելու սովորություն ունեն»,- եզրափակում է հեղինակը։