Ուզբեկստանի նախագահի դուստրը հորն է դիմել ինտերնետով
Հեռահաղորդակցության ֆիննա-շվեդական TeliaSonera ընկերությանը մեղադրանք է ներկայացվել՝ Ուզբեկստանի քաղաքական էլիտայի ներկայացուցիչներին կաշառելու համար, հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»:
Մեղադրվողների թվում է նաև այդ երկրի նախագահի դուստրը՝ Գուլնարա Քարիմովան, որը վերջին շրջանում աչքի է ընկել հոր հետ բարդ հարաբերություններով:
Ընկերության ղեկավարը սկանդալից հետո հրաժարական է տվել: Իսկ Քարիմովան հայտնել է, որ ինքը 15-ամյա դստեր հետ գտնվում է տնային կալանքի տակ։ Բաց նամակում նա ասել է, որ հատուկ ծառայություններն իր դեմ դավադրություն են կազմակերպել:
СA-News-ը ստացել է Քարիմովայի ձեռագիր նամակը: Նամակից հայտնի է դառնում, որ Քարիմովան զրկված է կապի ժամանակակից միջոցներից, նրա Twitter-ի էջը մեկ ամսից ավելի լուռ է: Նամակում նա հայտնում է ուզբեկական կլանների անողոք պայքարի, երկրի ղեկավարի ընտանիքում տիրող բարդ հարաբերությունների մասին: Բավականին ծավալուն նամակին ամբողջությամբ կարելի է ծանոթանալ www.ca-news.org-ում:
BBC-ի ձեռագրաբանական փորձաքննության համաձայն՝ նշված նամակը 75% հավանականությամբ իսկապես ինքը՝ Քարիմովան է գրել:
Նա նամակում խնդրում է բոլոր ոչ անտարբեր մարդկանց իր մտահոգությունները հասցնել հորը՝ Իսլամ Քարիմովին:
Ինքը՝ Քարիմովան, հնարավոր է 240 մլն եվրո կաշառք է ստացել: Նրա օգնական Գայանե Ավագյանի դեմ սկանդալի շրջանակներում քրգործ է հարուցվել. նա մեղադրվում է հարկերից խուսափելու համար:










