Սիրիական զորքերը Քեսաբի մերձակայքում 500 զինյալ են ոչնչացրել
Սիրիական զորքերին հաջողվել է կասեցնել Թուրքիայից զինյալ խմբավորումների մուտքը սահմանամերձ Քեսաբ ավան, որը գտնվում է Լաթաքիայից 65 կմ դեպի հյուսիս, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ «Ալ Վաթան» սիրիական գործակալությանը հղումով։
Պարբերականը նշում է, որ «հակառակորդը զգալի վնասներ է կրել»։ Առկա տվյալներով՝ անցնող 48 ժամերի ընթացքում շրջանում ոչնչացվել է ավելի քան 500 զինյալ, որոնց թվում շատ են օտարերկրյա վարձկանները։
Կատաղի մարտեր են ընթանում Լաթաքիայի մոտակայքում՝ Հիբրեթ-Սալուսի և Բեյթ Հալիբիի մոտ։
Սիրիական օդուժը հարվածներ է հասցնում սահմանամերձ Նաբաա-ալ Մուր տեղանքում։
«Ալ Վաթանի» տեղեկություններով՝ չնայած Դամասկոսի բողոքին, թուրքական զինվորականները չեն դադարում օժանդակել զինյալ ապստամբներին։ Համաձայն առկա տվյալների՝ երեկ Լաթաքիայի հյուսիսում թուրքական անօդաչու սարք է կործանվել, որն օդային հետախուզություն իրականացնելու համար էր ուղարկվել։
Ըստ ստացվող տեղեկությունների՝ Հոմսի հին թաղամասերում 188 հոգուց բաղկացած զինյալների խումբ է հանձնվել։
Յաբրուդի մոտակայքում ևս 34 մարդ է դադարեցրել զինյալ դիմադրությունը։










