Քեսաբի դեպքերի կապակցությամբ ակտիվիստները նամակ հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ (տեսանյութ)

15:41 • 26.03.14

Քաղաքացիական շարժման մի խումբ մասնակիցներ այսօր հավաքվել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց, որտեղ իրենց բողոքն էին հայտնում մարտի 21-ին Սիրիայի Քեսաբ համայնքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՄԱԿ-ի լռության կապակցությամբ:


«Թուրքիան խախտել է միջազգային բոլոր օրենքներն ու պարտավորությունները և մարտի 21-ին գնդակոծել է Սիրիայում գտնվող հայկական Քեսաբ գյուղն ու շրջանը: Թուրքական պետության աջակցությամբ ահաբեկիչները ներխուժել է բնակավայր, սկսել ավերն ու թալանը: Տեղի ողջ բնակչությունը տեղահանված է: Գաղտնիք չէ, որ Թուրքիայի համար հայաբնակ Քեսաբը մշտապես թիրախ է եղել»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ուղղված նամակից մի հատված կարդաց «Նախնյաց հետքերով» ՀԿ անդամ Արման Մխիթարյանը՝ շարունակելով. «Հաշվի առնելով, որ այս դեպքում ՄԱԿ-ի լռությունը առնվազն տարօրինակ է, որոշեցինք հիշեցնել ՄԱԿ-ի կառույցին, թե ինչ նպատակների համար է այն կոչված ծառայելու: Մենք դատապարտում ենք ՄԱԿ-ի լռությունը և հիշեցնում, որ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, մենք՝ միավորված ազգերի ժողովուրդներս, լի վճռականությամբ, պարտավորվում ենք փրկել գալիք սերունդներին պատերազմից, արհավիրքից, որը մեր կյանքի ընթացքում երկու անգամ անասելի վիշտ է պատճառել մարդկությանը»:


Արման Մխիթարյանն ասաց նաև, որ Թուրքիան լինելով ՄԱԿ-ի անդամ՝ կոպտորեն խախտում է բոլոր վերոնշյալ դրույթները, ապա հայտարարեց, որ ՄԱԿ-ից պահանջում են ծառայել իր կոչմանը և խստորեն դատապարտել Թուրքիայի ահաբեկչական քայլերն ու դրանց տալ համապատասխան իրավական գնահատական:


Քաղաքացիական շարժման անդամներին դիմավորեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Բրեդլի Բուզետտոն: Վերջինս շարժման մասնակիցներից վերցրեց նամակը, շնորհակալություն հայտնեց և կրկին մտավ գրասենյակ: