Մեր իշխանությունները ձգտում են Քեսաբում եղած լարվածությունն ավելի նվազ ցույց տալ. Ժիրայր Լիպարիտյան

11:46 • 26.03.14

1994-1997 թվականներին ՀՀ Նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, ով Միացյալ Նահանգներում է բնակվում, այժմ Երևանում է և լրագրողների հետ հրավիրված հանդիպմանն անդրադառնալով սիրիական Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններին` ասաց, թե իրեն մտահոգում է այն, որ մեր իշխանությունները ձգտում ունեն այնտեղ լարվածությունը ավելի նվազ ցույց տալու, ուզում են, որ սիրիացիներն այնտեղ մնան։


«Նրանք շարունակ ցույց են տալիս, որ այնտեղ ամեն ինչ այդքան լարված չէ, բայց ինչու պետք է քեսաբցիները, որ բավարար ապահովված են այնտեղ, առանց մի թղթի թողնեն ու դուրս գան իրենց տներից»,-ասաց Ժիրայր Լիպարիտյանը՝ նշելով, թե ըստ իրեն, լավագույն տարբերակն այն կլինի, որ մեր ժողովուրդը գա կա՛մ Հայաստան, կա՛մ Ղարաբաղ։ «Առաջին կարևոր բանն այն է, որ մարդիկ չզոհվեն և իրենց ֆինանսական կարողությունները չկորցնեն»,–շեշտեց բանախոսը։


Ժիրայր Լիպարիտյանի գնահատմամբ՝ այն, ինչ կատարվում է Սիրիայում, պետք չէ միայն որպես սիրիացիների խնդիր դիտել։


«Մեր ժողովրդի մի մեծ զանգված բնակվում է այնտեղ։ Եղած մոտեցումը, թե մենք պետք է այնտեղ մնանք, հասկանում եմ, որովհետև մենք այնտեղ դպրոցներ ու եկեղեցիներ ունենք, բայց չպետք է վտանգենք մեր հայրենակիցներից»,-իր խոսքում ասաց Ժիրայր Լիպարիտյանը՝ շարունակելով, թե մեզ մոտ ավելի հաճախ, հատկապես մամուլը՝ փորձում է ցույց տալ, թե Սիրիայում թուրքերի խնդիրը հայերի հետ է։ Սակայն, ըստ Ժիրայր Լիպարիտյանի՝ պետք է հստակեցնել, թե դա Թուրքիան անում է, որովհետև նրանք հայե՞ր են, թե՞ որովհետև մերոնք պրո-Ասադ են։