Օդեսայում թռուցիկներ են հայտնվել, որոնք կոչ են անում Յանուկովիչին վերադառնալ և վերականգնել կարգը

17:40 • 26.03.14

Ուկրաինայի Օդեսա քաղաքում թռուցիկներ են հայտնվել, որոնք երկրի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչին կոչ են անում վերադառնալ և վերականգնել կարգը երկրում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Թռուցիկները փակցվել են քաղաքի տարբեր շրջանների հանրային վայրերում, շատ բնակիչներ գտել են դրանք փոստարկղերում:

 

«Դուք մեր վերջին հույսն եք: Այլապես մեզ այլ ընտրություն չի մնա, և մենք ստիպված կլինենք պաշտպանել մեր կյանքը, իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը զենքը ձեռքներում»,- ասված է թռուցիկում, որը ստորագրված է Ուկրաինայի ազգային-ազատագրական շարժման ղեկավարության կողմից:

 

Յանուկովիչին ուղղված նման կոչեր են հնչել նաև անցած կիրակի Օդեսայում անցկացված երթի ժամանակ։ Դրա մասնակիցները երթի ժամանակ վանկարկել են. «Յանուկովիչ, վերադարձի՛ր, իրականացրո՛ւ ֆաշիստներից ուկրաինացիների պաշտպանության քո պարտքը»։

 

Հիշեցնենք, որ երկրում հեղափոխությունից հետո Յանուկովիչը փախել է երկրից և հաստատվել ՌԴ տարածքում։