Եթե Հայաստանից կամավորական զինված խմբեր մեկնեն Քեսաբ, ապա կդառնան թնդանոթի միս. կարծիքներ

10:00 • 26.03.14

Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի և շրջակա գյուղերի վրա օրեր առաջ տեղի ունեցած զինված հարձակումներից և հայերի տեղահանությունից հետո, կարծիքներ են հնչում, որ Հայաստանում պետք է զինված խմբեր կազմավորվեն և մեկնեն Սիրիա՝ հայերին պաշտպանելու, այնպես ինչպես Արցախյան հերոսամարտի ժամանակ բազմաթիվ սփյուռքահայեր իրենց ներդրումը ունեցան ազատագրական պայքարում:


Tert.am-ի հետ զրույցում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն ասաց, որ այս մոտեցումը սխալ է համարում՝ կարծիքը հիմնավորելով նրանով, որ Սիրիայում չկան զուտ հայկական զինված կազմավորումներ և հայերն այնտեղ տարածված են կառավարական բանակի զինված ուժերի մեջ:


«Չկա այնպիսի ստորաբաժանում, որ այստեղից մեկնած հայերը կարողանան ընդգրկվել ու մասնակցել, երկրորդ՝ լրիվ անծանոթ տարածք է ու չկա թեկուզ տեղական հայկական իշխանություն, որ սատարի: Այդ մարդիկ պարզապես կդառնան թնդանոթի միս: Կարծում եմ, որ այսօր շատ կարևոր է Սիրիայի կառավարության ու միջազգային կազմակերպությունների միջոցով և ուժերով տեղափոխել այդ ժողովրդին ու բերել Հայաստան կամ Արցախ»,- ասաց նա:


Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտից Սիրիայի Քեսաբ հայաբնակ ավանի և շրջակա գյուղերի հարձակում էր տեղի ունեցել, որը կազմակերպվել էր «Ալ Նասրա» և «Ալ Իսլամիե» խմբավորումների կողմից։ Մարտի 22-ին ողջ հայ բնակչությունը տեղահանվել էր Լաթաքիա:


Լևոն Մելիք-Շահնազարյանը կարևոր համարեց այն հանգամանքը, որ երեկ ԱԺ մի քանի պատգամավորներից կազմված պատվիրակություն է մեկնել Սիրիա՝ հանդիպելու քեսապահայերի հետ: Ըստ քաղաքագետի՝ պատգամավորների խնդիրը պետք է լինի, համոզել հայերին տեղափոխվել Հայաստան կամ Արցախ:


«Սիրիայում դեռ երկար է տևելու այս վիճակը, չի երևում վերջը, որ ասենք՝ ևս մի ամիս դիմացեք մինչև վտանգը կանցնի: Իզուր մնալ այնտեղ ու զոհեր տալ, երեխաներ կորցնել, սխալ է, ճիշտ կլինի ժողովրդին փրկել ու բերել: Մեր հայկական երկու պետությունն էլ պարտավոր են ամեն ինչ անել, որ օգնեն ժողովրդին: Մեր առաջնային գործը նրանց փրկելն է»,- ասաց քաղաքագետը:


Դեպի Քեսաբ զինյալ խմբավորումներ Հայաստանից ուղարկելու գաղափարը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանը ողջունեց, թեև նշեց, որ այն իրատեսական չէ և անհրաժեշտություն էլ, ըստ նրա, այլևս չկա:


«Հայերն արդեն տեղահանված են ու անվտանգ տարածքում, բայց եթե քաղաքացիական նման նախաձեռնություններ կան թող իրականացնեին, մարդիկ ներգրավվեին, հայությունն էլ ուրախ կլիներ, որ կան նման կարող ուժեր, որ պատրաստ են հայերի ֆիզիկական գոյությունը պաշտպանել աշխարհի որ ծայրում էլ լինի: Բայց մի բան է, որ ասում ենք՝ լավ է, մեկ այլ բան՝ նման կամավորների առկայությունը, ինչը ես այսօր չեմ տեսնում»,- ասաց նա:


Սարո Սարոյանը նաև նշեց, որ եթե նման խմբավորում ստեղծվի, իրականում հայության համար կդառնա նոր նախադեպ Արցախի հերոսամարտից հետո, երբ սփյուռքից բազմաթիվ հայեր եկան հայրենիքը պաշտպանելու:


«Կրկնում եմ՝ այսօր չկա նման շրջանակ ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում ու ո՛չ էլ սփյուռքում, որոնք կկարողանան նման կարգի խնդիր դնել ու լուծել: Եթե առաջին նման քայլ անող կլինի՝ թեկուզ 20 հոգանոց ջոկատի տեսքով, ուրեմն կնշանակի, որ հայության մեջ շատ մեծ տեղաշարժեր են տեղի ունեցել: Բայց այստեղ միայն զինվորագրվելու խնդիրը չէ, բազմաթիվ այլ խնդիրներ կան՝ ֆինանսական, ռազմական, պետական և այլն»,- ասաց նա: