«Ռոսկոմնադզորը» հնարավոր է պարտադրի ինտերնետ-պորտալներին՝ Ղրիմը վերագրել Ռուսաստանին

09:37 • 26.03.14

ՌԴ պետդումայի «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Սիդյակինը խնդրել է ՌԴ կապի, ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտում վերահսկողություն իրականացնող «Ռոսկոմնադզորին» ինտերնետ տիրույթին պարտադրել՝ Ղրիմը վերագրել Ռուսաստանին, հայտնում է Russia Today-ը:

Պատգամավորը գտնում է, որ վերահսկիչ մարմինը պետք է այդպես վարվի օրենքի համաձայն. նա նամակ է գրել ծառայության ղեկավար Ալեքսանդր Ժարովին:

 

Սիդյակինն իր պահանջը հիմնավորում է Microsoft-ի Bing քարտեզների, Google որոնողական համակարգի տվյալներով և ռուսաստանյան Wikipedia-ով, որով Ղրիմը ներկայացվում է իբրև Ռուսաստանի և Ուկրաինայի վիճելի տարածք:

Պատգամավորը գտնում է, որ բոլոր ընկերությունները պետք է հիմնվեն միջազգային օրենսդրության, տվյալ դեպքում՝ Ղրիմի ու Սևաստոպոլի միացման մասին պայմանագրի վրա:

 

Այս առումով աննախադեպ որոշում է կայացրել Yandex-ը, որն ուկրաինացի օգտատերերի համար Ղրիմը ներկայացնում է իբրև Ուկրաինայի, ռուսաստանցիների համար էլ՝ իբրև Ռուսաստանի տարածք: Ըստ ընկերության՝ նման մոտեցումը պայմանավորված է երկրներից յուրաքանչյուրի օրենսդրությանը համապատասխան գործելով: