Սարդինիան ցանկանում է Իտալիայից առանձնանալու հանրաքվե անցկացնել
Սարդինիան իտալական Վենետո շրջանից հետո պատրաստվում է առցանց հանրաքվեի դնել Իտալիայի կազմից դուրս գալու հարցը, հաղորդում է ria.ru-ն՝ հղում անելով Nuova Sardegna-ին:
Իտալիայից Վենետո շրջանի առանձնանալու շուրջ էլեկտրոնային քվեարկությունն անցկացվել էր 2014 թվականի մարտի 16-21-ը, և քվեարկությանը մասնակցած 2 միլիոն մարդուց անկախ Վենետոյի Հանրապետություն ստեղծելու օգտին էր քվեարկել 89 տոկոսը: Խոսքն, այնուամենայնիվ, առցանց խնդրագրի մասին է, որը չունի իրավական կամ քաղաքական նշանակություն:
Վենետոյում հարցման հաջողությունը ոգեշնչել է նաև այլ շրջաններին: Սարդինիա կղզում, որը ներկայացված է Իտալիայում ինքնավար մարզի կարգավիճակով, այդ համացանցային հարցման նախաձեռնող է հանդես եկել PsdAz կուսակցությունը, որը պատկանում է սարդինիական ազգայնականության շարժմանը, որի գաղափարախոսության հիմքում է Իտալիայից Սարդինիայի անջատումը և ինքնորոշումը:
Սպասվում է, որ հանրաքվեի անցկացման մասին նախաձեռնությունը կներկայացվի հինգշաբթի շրջանային խորհրդին: Քվեարկության կդրվի հարցը, թե «Արդյոք ցանկանո՞ւմ եք, որ Սարդինիան դառնա անկախ պետություն»:










