Հետադարձ ճանապարհ չունենք. Սեյրան Օհանյանը հերքեց տեղեկությունը, թե այսուհետ զորակոչը վիճակահանությամբ չի անցկացվելու
ԱԺ «Օրինակ Երկիր» խմբակցության պատգամավոր Իշխան Խաչատրյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ իր մտահոգությունը հայտնեց մամուլում տեղ գտած այն հրապարակումների կապակցությամբ, որ այսուհետ զորակոչը վիճակահանությամբ չի անցկացվելու։ Նա նշեց, թե վիճակահանության միջոցով զորակոչը նորարարություններից է, որը նպաստում է կոռուպցիոն ռիսկերի նվազմանը։
«Հասարակության մեջ արդեն նկատելի է դրական վերաբերմունքը, սակայն վերջերս մամուլում տեղեկություններ են տարածվում, որ գարնանային զորակոչը վիճակահանությամբ չի լինելու, որքանո՞վ են հավաստի այս տեղեկությունները»,-հարցրեց նա։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նկատեց, թե նշյալ գործընթացը ցույց է տալիս, որ տարեց տարի բարելավում է ԶՈՒ համակարգը, և որ իրենք հետադարձ ճանապարհ չունեն։ «Այն իմ և ԶՈՒ ղեկավարության սկզբունքներից մեկն է. բարեփոխումների ընթացքում մենք հետադարձ ճանապարհ չունենք, եթե սկսել ենք մի գործունեություն, ապա պետք է այն իրականացնենք մինչև վերջ»,-պատասխանեց նախարարը` հավելելով, որ այս ընթացքում որևիցե մեկը չի դիմել իրեն, որպեսզի վերջինիս երեխային ուղարկեն այս կամ այն ծառայության վայրը:
«Մենք շարունակելու ենք այդ գործընթացը, մենք դիմադրություն որոշակի չափով զգում ենք, բայց այս ծրագրերի իրականացման շրջանակում կարող եմ ասել, որ կոռուպցիոն ռիսկերն արդեն համակարգային բնույթ չեն կրում»,-նշեց նախարար Օհանյանը:










