Դեսպան Սեյրանյանը Պրահայի Մալոստրանսկա ակադեմիայում ներկայացրել է ԼՂՀ պատմությունը
Մարտի 25-ին Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը և Չեխիայի խորհրդարանի սենատոր, հայ ժողովրդի բարեկամ Յարոմիր Շտետինան Լեռնային Ղարաբաղին նվիրված դասախոսություն են կարդացել Պրահայի Յան Ներուդայի գիմնազիումի Մալոստրանսկի ակադեմիայի Քաղաքական աշխարհագրության բաժնի ուսանողների և հրավիրյալ վերլուծաբանների համար:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ ակադեմիայի ունկնդիր, ծագումով արցախցի Անդրեյ Մարտիրոսյանը վիզուալ փաստեր է ցուցադրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: Այնուհետև դեսպան Սեյրանյանը ներկայացրել է Արցախի պատմությունը՝ սկսած անտիկ դարաշրջանից մինչև վերջին զարգացումները, ներառյալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման այժմյան գործընթացը:
Դեսպանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Արցախի հիմնահարցի նկատմամբ Չեխիայի հավասարակշված դիրքորոշմանը` շեշտելով, որ այն ձևավորվում և պահպանվում է նաև սենատոր Շտետինայի և այլ քաղաքական գործիչների արդար ջանքերի շնորհիվ:
Չեխիայի խորհրդարանի անդամը, որպես ղարաբաղյան պատերազմի ականատես, միջոցառման մասնակիցներին է ներկայացրել սեփական տպավորություններն ու հուշերը: Զինված հակամարտության տարիներին որպես լրագրող նա բազմիցս այցելել է Լեռնային Ղարաբաղ: Սենատորը պատմել է, թե ինչպես են ադրբեջանցիները փորձել բնաջնջել Արցախի հայկական ազգաբնակչությանը, որն իր անկոտրում կամքի և խիզախության շնորհիվ կարողացավ ազատագրել իր պատմական տարածքները:










