Ուկրաինայի ՆԳՆ-ն օրենքից դուրս է հայտարարել երկրում բոլոր զինված խմբավորումները
Ուկրաինայի տարածքում բոլոր զինված խմբավորումները հայտարարվել են օրենքից դուրս: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Եվդոկիմովը, գրում է dw.de-ն:
Նրա խոսքով՝ Ուկրաինայում զենքի կամավոր հանձնման ժամանակը սպառվել է, և իրավապահ մարմինների ներկայացուցիչները զինված անձանց նկատմամբ կգործեն օրենսդրության համաձայն: Եվդոկիմովը նաև նշել է, որ շատ հակաիրավական գործողություններ են կատարվում «Պրավիյ սեկտոր» ազգայնական կազմակերպության կարգախոսների ներքո:
Միևնույն ժամանակ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ ընդունում է «Պրավիյ սեկտոր»-ի մարտահրավերը՝ կապված այդ կազմակերպության անդամ Ալեքսանդր Մուզիչկոյի (հայտնի է որպես Սաշա Բելի) սպանության հետ:
«Եթե բանդիտները սպառնում են նախարարին, ես այդ մարտահրավերն ընդունում եմ և պատրաստ եմ ընդունել ցանկացած մարտահրավեր, քանի որ այդպիսին է իմ պաշտոնը: Այսուհետ իմ դիրքորոշումը բավականին կոշտ կլինի բանդիտների, նրանց նկատմամբ, ովքեր զենքով խախտում են կարգը»,- ընդգծել է ներքին գործերի նախարարը լրագրողների հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, որ «Պրավիյ սեկտորը» սպառնացել է նախարարին՝ իրենց «եղբայր» Սաշա Բելիի մահվան առնչությամբ, ով, ըստ ՆԳՆ-ի, մահացել է իրավապահների հետ փոխհրաձգության ժամանակ։










