Ուզբեկստանը Ղրիմը Ռուսաստանի մաս չի ճանաչում

16:54 • 26.03.14

Ուզբեկստանը հրաժարվել է Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչել և կոչ է անում Մոսկվային ու Կիևին երկկողմ բանակցություններ սկսել. ինչպես տեղեկացնում է newsru.ua կայքը, այդ մասին հաղորդել է Ուզբեկստանի արտգործնախարարությունը։

 

«Հաշվի առնելով այսօր Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները և ելնելով ուկրաինացի և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունից, պատմական ընդհանրություններից՝ հոգևոր և մշակութային արժեքներից, նրանց տնտեսական կապերից՝ միակ տրամաբանական ելքը մնում է ուղիղ երկկողմ բանակցությունները՝ առկա խնդիրները փոխզիջումային ճանապարհով լուծելու համար»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։

 

Ուզբեկստանի ԱԳՆ-ն նաև նշել է, թե որքան շատ ժամանակ է անցնում, այդքան ավելի շատ հակասություններ են առաջանում, և իրավիճակը սրվում է:


Կայքը հիշեցնում է, որ Ղրիմի՝ Ռուսաստանին միացումը ողջունել են Սիրիան, Հյուսիսային Կորեան, Ղազախստանը, Հայաստանը, Վենեսուելան, Ուգանդան և Գանան։