Պայծառատես Վանգայի տունն իր դռներն է բացել բոլոր ցանկացողների առաջ

14:32 • 26.03.14

Բուլղարացի պայծառատես Վանգայի մահվանից 18 տարի անց՝ Ավետման տոնի օրը, Ռուպիտե բնակավայրում գտնվող նրա տունն իր դռներն է բացել բոլոր ցանկացողների առաջ։ Առաջին հյուրերը եղել են հարյուրավոր մարդիկ, որոնք Վանգային սուրբ են համարում, քանի որ «նա հույս և հավատ է ներշնչել բազմաթիվ մարդկանց», գրում է ИТАР-ТАСС-ը։

 

Վանգայի մտերիմները հայտնել են, որ Ավետումը եղել է նրա սիրելի տոնը և նրա անունը՝ Վանգելիա, թարգմանաբար նշանակում է «բարի լուր»։

 

Վանգան մահացել է 1996թ. օգոստոսի 11-ին Սոֆիա քաղաքի հիվանդանոցներից մեկում։ Իր կտակում նա նշել է, որ իր ողջ կարողությունը փոխանցում է պետությանը, սակայն դրա հետ համամիտ չեն եղել որոշ բարեկամներ, որոնք փորձել են դատարանի միջոցով վիճարկել նրա վերջին ցանկությունը։ Այս ամբողջ ժամանակահատվածում Վանգայի տունը փակ է եղել։ Այժմ այն վերականգնվել է իր նախնական տեսքով և բացվել այցելուների համար։

 

Տունը կառուցվել է 1970-ին։ Տան կառուցման վայրն ընտրել է հենց Վանգան՝ Կոժուխ լեռան լանջին։ «Այն սուրբ է, մոգական էներգիայով լի, ինչը դրական ազդեցություն է ունենում»,- ասում էր Վանգան։