ԱԺ պատգամավորներն արդեն Դամասկոսում են և հանդիպելու են Սիրիայի նախագահի հետ
Սիրիայի Քեսաբ ավանի հայերի տեղահանության խնդրով Սիրիա մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորների խումբն արդեն հասել է մայրաքաղաք Դամասկոս, որտեղ քիչ հետո հանդիպելու է այդ երկրի նախագահ Բաշար ալ–Ասադին, այս մասին տեղեկանում ենք «Հանրապետական» պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Արդեն Դամասկոսում ենք: Քիչ անց կհանդիպենք Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ քննարկելու սիրիահայության խնդիրները և Քեսաբի ապագան: Մենք երախտապարտ ենք բարեկամ սիրիացի ժողովրդին՝ պատմության ամենածանր պահերին՝ մեր քույրերի ու եղբայրների կողքին լինելու համար, ում համար Սիրիան իրենց տունն է և հայրենիքը, և հուսով ենք, որ քաղաքական համազգային երկխոսությամբ հնարավոր կլինի հասնել խաղաղության և կյանքը տեղափոխել բնականոն հուն»,– ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Սիրիա մեկնած պատգամավորների խմբում են Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Կարապետյանն ու Լևոն Մարտիրոսյանը։










