Հայ պատգամավորները հանդիպել են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ
Սիրիա մեկնած ՀՀ ԱԺ պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը՝ ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի, Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի և Գլխավոր մուֆտիի հետ: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Լաթաքիայում գտնվող պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
«Հանդիպումների ընթացքում մենք քննարկել ենք ստեղծված իրավիճակը, ինչպես նաև` անդրադարձել մեր հայրենակիցների շուրջ ստեղծված իրավիճակին: Երևան վերադառնալուց հետո ավելի մանրամասն և՛ մեր փաստահավաք առաքելության արդյունքները, և ՛ տպավորությունները, և՛ մեր հայրենակիցներից ստացված առաջարկությունները կներկայացնենք հանրապետության Նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին և կներկայացնենք այլ մանրմասներ»,- տեղեկացրեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Սիրիայի Քեսաբ ավանի հայության հետ հանդիպելու համար մասնավոր այցով Սիրիա մեկնած Հայաստանի պատգամավորների խումբը երեկ հանդիպումներ էր ունեցել քեսաբահայության հետ, և պատվիրակության անդամները նշել էին, որ տպավորությունները այնպիսին էին և նույնքան ցնցող, ինչպիսին հանդիպում են դասագրքերում, հայոց ցեղասպանության վերաբերյալ աղբյուրագիտական գրականությունում:
Հիշեցնենք, որ Սիրիա մեկնել են պատգամավորներ Արման Սահակյանը, Սամվել Ֆարմանյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Նաիրա Կարապետյանն ու Լևոն Մարտիրոսյանը։
Պատգամավորները ցանկություն էին հայտնել այցելել նաև Սիրիայի այլ հայաբնակ վայրեր, սակայն նրանց դա խորհուրդ չեն տվել՝ անվտանգության և այլ նկատառումներով:










