Ավակով, Տուրչինով, Յացենյուկ... Հրապարակվել են այն անձանց անունները, որոնց արգելված է մուտք գործել Ղրիմ

16:19 • 27.03.14

Ղրիմի Հանրապետության պետխորհուրդը հրապարակել է այն անձանց ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել թերակղզի։ «Պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձանց) ցուցակում ընդգրկվել է 320 մարդ, գրում է forbes.ru-ն։

 

Ցուցակում հայտնվել են Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ, նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը, վարչապետ Արսենի Յացենյուկը, փոխվարչապետ Վիտալի Յարեման, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Անդրեյ Պարուբին, Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն, ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը, Ուկրաինայի գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին, Ուկրաինայի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավար Անատոլի Կինախը։

 

Բացի այդ, ցուցակում նշվում են նաև Ուկրաինայի պաշտպանության երկու նախկին նախարարներ Ալեքսանդր Կուզմուկը և Անատոլի Գիցենկոն, ինչպես նաև ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Տարասյուկը։ «Նոն գրատա» են ճանաչվել նաև ռադայի նախկին խոսնակ Վլադիմիր Լիտվինը, պատգամավոր Օլեգ Լյաշկոն, պատգամավոր և օլիգարխ Պյոտր Պորոշենկոն։

 

Այն անձանց թվում, ում Ղրիմում գտնվելն անցանկալի է համարվում, ընդգրկվել են պատգամավոր Աննա Գերմանը, «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, «Սվոբոդա» կուսակցության առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը։