Շվեդիայում որսացել են 40 սմ երկարությամբ հսկայական առնետ (լուսանկարներ)
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի հյուսիս-արևմտյան հատվածում բնակվող մի ընտանիք ապրել է իր կյանքի ամենասարսափելի պահերից մեկը, երբ պարզել է, որ իրենց կատվին վախեցրած «մուկն» իրականում հսկայական առնետ է։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Բենգթսոնների ընտանիքը սկսել է կասկածել, որ տանն ինչ-որ բան այն չէ, երբ նրանք մի քանի օր շարունակ խոհանոցից լսել են տարօրինակ ձայներ, իսկ նրանց կատուն հրաժարվել է մտնել խոհանոց։
Տանտերերը սկզբում կարծել են, թե կենդանին խոհանոցում մուկ է տեսել, սակայն իրականությունը բացահայտվել է, երբ տանտիրուհին աղբամանում հայտնաբերել է զզվելի կրծողին։ Ժամանած սանիտարական ծառայության աշխատակիցները թակարդ են տեղադրել՝ անցանկալի հյուրին որսալու համար։
Արդյունքում սովորական մկան փոխարեն նրանք թակարդում հայտնաբերել են 40 սմ երկարությամբ (պոչը չհաշված) առնետի։













