Չի կարելի ատելություն հրահրել Ուկրաինայի և Ռուսաստանի ժողովուրդների միջև. Կլիչկո
Ուկրաինայի «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է Ուկրաինայի և Ռուսաստանի բնակիչների միջև ատելության հրահրման անթույլատրելիության մասին, հայտնում է dw.de-ն։
«Մենք պետք է տարբերություն դնենք ռուսական քաղաքականության և ռուս բնակչության միջև։ Չի կարելի ատելություն հրահրել Ուկրաինայի և Ռուսաստանի ժողովուրդների միջև»,- գրել է Կլիչկոն գերմանական Bild պարբերականում։
Ուկրաինացի քաղաքական գործիչն անուղղակիորեն արձագանքում է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի ագրեսիվ արտահայտություններին, ով համացանցում հրապարակված հեռախոսազրույցում թույլ է տվել մի շարք կտրուկ արտահայտություններ ռուսների, ռուսական ղեկավարության, ինչպես նաև Ուկրաինայում ռուս բնակչության հասցեին։
«Ես վտանգավոր եմ համարում այն, որոշ մարդիկ այժմ ասում են, որ ռուսների հետ պետք է հաշվեհարդար լինել, նույնիսկ՝ զենքի կիրառմամբ»,- գրել է Կլիչկոն՝ նման գործողություններն անվանելով «անպատասխանատու և անհանգստություն առաջացնող»։










