Մայդանի ակտիվիստները պահանջում են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Ավակովի հրաժարականը

12:36 • 27.03.14

Կիևի Մայդանի ճամբարային ավանի ակտիվիստները պահանջում են Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հրաժարականը, ում գործողությունները հանգեցնում են երկրում իրավիճակի ապակայունացման, գրում է korrespondent.net-ը:

 

Նրանք պահանջում են, որ Ավակովի հրաժարականի հարցը քննարկվի և լուծվի մարտի 27-ի Գերագույն ռադայի լիագումար նիստում, իսկ դրանից հետո, ըստ նրանց, պաշտոնյային պետք է հանձնել դատարան:

 

Իրենց հայտարարությունում ակտիվիստները որպես պահանջի պատճառ են նշում այն, որ Ուկրաինայի իրավապահ մարմինները չեն իրականացնում քաղաքացիների պաշտպանության ապահովման, հանցագործությունների հետաքննության և գողերին պատժելու իրենց գործառույթները:

 

Նրանց խոսքերով՝ քրեական պատասխանատվության չի ենթարկվել քաղաքացիական բողոքի ակցիաների մասնակիցների սպանությունների, խոշտանգումների, ծեծի, հափշտակման ոչ մի պատվիրատու, կազմակերպիչ կամ իրականացնող, իսկ հանցավոր ռեժիմի ղեկավարները կարողացել են անարգել փախչել երկրի սահմաններից դուրս:

 

Ակտիվիստները նաև նշում են, որ երկրի արևելյան շրջաններում ակտիվորեն գործում են անջատողականների զինված խմբավորումները, և դրանց դեմ պայքարի փոխարեն՝ ներքին գործերի մարմինները սկսել են «կանխարգելիչ ձերբակալումներ» և սադրանքներ իրականացնել Մայդանի ակտիվիստների նկատմամբ։