Բրիտանական բանակը խոզեր է պայթեցրել զրահաբաճկոններ փորձարկելիս. ԶԼՄ-ներ
Բրիտանական The Independent պարբերականի տվյալների համաձայն՝ անցած 3 տարվա ընթացքում մոտ 115 խոզ է սատկել Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության գաղտնի բազաներից մեկում։
РИА-Новости-ն մանրամասնում է, որ Ուիլթշիր քաղաքում խոզերին պայթեցրել են զրահաբաճկոններ փորձարկելիս՝ ստուգելու համար, թե արդյոք կենդանիները կարող էին ողջ մնալ լուրջ վնասվածքներ ստանալուց հետո։
Բացի այդ, խոզերի մի մասը սատկել է այն պատճառով, որ նրանց վրա փորձարկվել են արյան մակարդում առաջացնող դեղամիջոցներ։ Աղբյուրը նշում է, որ այդ փորձարկումների համար խոզերը հատուկ են ընտրվել, քանի որ դրանք գենետիկորեն մոտ են մարդկանց։
Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող PETA կազմակերպության տնօրեն Միմի Բեկչեշին անդրադարձել է այս բացահայտմանը՝ասելով, որ հարկավոր է վերջ տալ կենդանիների դեմ անմարդկային ու չմտածված գործողություններին։ Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիայի դաշնակից պետությունների մեծ մասը նման փորձարկումների համար օգտագործում է մանեքեններ։ Սակայն պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ նախքան պայթեցնելը խոզերին քնեցրել են։










