Հարկերի բարձրացման ընդդիմախոսները փորձել են գրոհել Ուկրաինայի խորհրդարանի շենքը

15:59 • 27.03.14

Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի առջև հանրահավաքի մասնակիցները, որոնք դեմ են հարկերի բարձրացմանը, փորձել են ներխուժել ներս, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով «Вести»-ին:

 

Գրոհի փորձին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ: Խորհրդարանի անվտանգությունը հրաժարվել է նրանց ներս թողնել՝ արգելափակելով բոլոր մուտքերն ու ելքերը:

 

Ընդհանուր առմամբ հաղորդվում է, որ ակցիային մասնակցել է մոտ 200 մարդ՝ ուկրաինական դրոշներով: Նրանք պահանջել են չբարձրացնել բենզինի ակցիզներն ու ավտոմեքենաների ներկրման հարկերը:

 

LB.UA-ի փոխանցմամբ՝ ռադայի մոտ են հավաքվել նաև «Ժողովրդավարական դաշինք« կուսակցության ներկայացուցիչները, որոնք պահանջել են ընդունել հանրային տեղեկատվության հասանելիության մասին օրենքի նախագիծը, որը, մասնավորապես, թույլ կտա քաղաքացիներին տվյալներ ստանալ պաշտոնյաների աշխատավարձերի մասին: Շենքի դիմաց են հավաքվել նաև ակտիվիստներ, որոնք պահանջել են ընդունել «Եվրամայդանի» մասնակիցներին ձերբակալող դատավորների լյուստրացիայի մասին օրենքի նախագիծը:

 

Ռադան նիստի ժամանակ պատրաստվում է քննարկել «Ֆինանսական աղետի կանխարգելման մասին» օրենքի նախագիծը, որտեղ ի թիվս այլ կետերի խոսք է գնում նաև հարկերի բարձրացման մասին: