ԵԽԽՎ պատգամավորներն առաջարկել են զրկել Ռուսաստանին ձայնի իրավունքից

14:46 • 27.03.14

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) առաջիկա նստաշրջանին, որը բացվելու է ապրիլի 7-ին, կարող է վերանայել Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները կամ ամբողջովին զրկել նրան ձայնի իրավունքից, գրում է dw.de-ն՝ հղում անելով «Ведомости» թերթին:

 

Եվրոպացի դեմոկրատների խմբից բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի բանաձևը, որն առաջարկում է վերանայել ռուսական պատվիրակության լիազորությունները, ստորագրել է ԵԽԽՎ-ի 74 անդամ:

 

Լիբերալների և դեմոկրատների դաշինքից դանիացի Մայքլ Ենսենի բանաձևը, որը պահանջում է ՌԴ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից, ստորագրել է ԵԽԽՎ-ի 53 անդամ:

 

Երկու առաջարկն էլ ԵԽԽՎ-ի արձագանքն են Ղրիմում Ռուսաստանի գործողություններին։ Թե փաստաթղթերից որ մեկն է դրվելու քվեարկության, կորոշվի նստաշրջանի առաջին օրը:

 

Իր հերթին Ռուսաստանը, հնարավոր պատժամիջոցներին ի պատասխան, կարող է ընդհանրապես հրաժարվել նիստերին մասնակցությունից: Այդ մասին «Ведомости» թերթին հայտնել է ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը: Ինչպես հայտնի է դարձել «Коммерсант» թերթին, Մոսկվան կարող է առաջ ընկնել և դադարեցնել իր պատվիրակության մասնակցությունը վեհաժողովի աշխատանքներին մինչ ԵԽԽՎ-ի որոշում կայացնելը: