Սաակաշվիլին հրաժարվել է ներկայանալ հարցաքննությանը
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի պատրաստվում ներկայանալ երկրի գլխավոր դատախազություն՝ հարցաքննության, ուր նրան կանչել են մի շարք քրեական գործերի շրջանակում։ Երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չներկայանալու դեպքում նախկին նախագահին հետախուզմամբ էր սպառնացել, գրում է ДНИ.ru-ն։
Սաակաշվիլին վկա է հանդիսանում միաժամանակ 10 քրեական գործի շրջանակում։ Հարցաքննությունը նշանակված է մարտի 27-ին՝ ժամը 13։00-ին։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ եթե Սաակաշվիլին չներկայանա հարցաքննության, ապա դատախազությունը կգործի օրենքին համապատասխան, և Սաակաշվիլիի հանդեպ հետախուզում կհայտարարվի։
Վարչապետի խոսքով՝ «չգալով Վրաստան և չներկայանալով հարցաքննության՝ Սաակաշվիլին կհաստատի, որ չի հարգում իր ժողովրդին և իր երկիրը և գործել է միայն իր հետաքրքրությունների նեղ շրջանակում»։
«Երբ անհրաժեշտ լինի, ես կգամ Իվանիշվիլիի մոտ, սակայն կգամ այլ նպատակով։ Ինձ խորհուրդ են տվել որոշ ժամանակով հեռանալ Վրաստանից, եթե ինձ համար թանկ է իմ երկրի հեղինակությունը, քանի որ հետախուզումն իմ հանդեպ կսպանի Վրաստանի՝ Եվրոպային ինտեգրվելու գործընթացը»,- ասել է Սաակաշվիլին վրացական «Ռուսթավի 2» ալիքին տված հարցազրույցում։
Ի դեպ, Իրակլի Ղարիբաշվիլին այսօր խոստովանել է, որ շտապել է Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզման մասին հայտարարությունն անելիս։










