Եթե չեն հրավիրում հարսանիք…ԱԴ փոխնախագահը՝ Սոչիի G1-ի մասին
Այն, ինչ ծրագրում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Սոչիում G1 գագաթնաժողով կազմակերպելով, երբեք չի կարող հակակշիռ լինել G 8 –ին, որից ՌԴ-ն դուրս է թողնվել. եթե ինչ-որ մեկին չեն հրավիրում հարսանիք, նա իր տանը կեղծ հարսանիք կազամակերպելով՝ չի կարող այդ ամոթի և խայտառակության տակից դուրս գալ:
Այսինքն՝ ՌԴ –ի` միջազգային մեկուսացումը երբեք չի կարող կոմպենսացվել իր իսկ կազմակերպած միջոցառումներով:
Tert.am –ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ մեկնաբանելով New Yorker-ի հաղորդումը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմական որոշում է կայացրել` Սոչիում հունիսին G1 գագաթնաժողով կազմակերպել:
Անուշ Սեդրակյանն առաջարկեց նաև հարցին մոտենալ ո´չ թե ֆորմալ, այլ` ըստ էության, հարցնելով.« Ինչի՞ համար էին այս ութնյակի հանդիպումները` համաշխարհային ինտեգրացիոն գործընթացների,պաշտպանական համակարգերի և առավելագույնս՝ տնտեսական դրամա-ռեսուրսային հոսքերի կարգավորման: Այսինքն՝ այդ հանդիպումը ոչ այնքան քաղաքական նշանակություն ունի, որքան կարևորվում է տնտեսական քաղաքականության վեկտորները որոշելու տեսանկյունից»:
ԱԴ նախագահը նշեց, որ Ուկրիանայի դեպքերի հետ կապված` Ռուսատանը ո´չ թե չի մասնակցում ութնյակի գործերին, այլ նրան ուղղակի դուրս են թողել համընդհանուր աշխարհաքաղաքական գործընթացից՝ ավելացնելով, որ դա այն իրականությունն է, որ Հայաստանը պարտավոր է հասկանալ:
«Ես չգիտեմ՝ որքանով է Հայաստանի իշխանությունը պատրաստ ընդունել այդ քաղաքականությունը, բայց որ պետք է այն առնվազն` ըմբռնել, բացահայտ է»,-ասաց քաղաքագետը՝ ավելացնելով, որ չնայած փոքր քաղաքական ու տնտեսական միավոր ենք՝ լիովին կախված ռուսական ազդեցության գոտուց, բայց պետք է հասկանանք, որ այդ գոտին սկսում է բերել իր առաջին վնասակար պտուղները:
Ի դեպ, Tert.am –ը փորձեց ճշտել` կմասնակցի՞ Հայաստանը G1-ին, քանի որ այդ ժամանակ հնարավոր է` Մաքսային միության անդամ լինի, սակայն ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:










