Ուկրաինայի կառավարությունը 24.000 չինովնիկ կկրճատի

14:19 • 27.03.14

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ կառավարությունը գործադիր իշխանությունում չինովնիկների թիվը 10 տոկոսով կրճատելու մասին որոշում է կայացրել, գրում է gazeta.ru-ն:

 

«Կառավարությունը որոշում է ընդունել պետական գործադիր իշխանության մարմինների աշխատակիցների թիվը 10 տոկոսով կրճատելու մասին: Մենք 249 հազարից կրճատում ենք մոտ 24 հազարին»,- նշել է վարչապետը:

 

Յացենյուկը նաև հավելել է, որ այդ միջոցներն առաջին փուլն են, ինչը հնարավորություն կտա կրճատել պետական իշխանության մարմինների ծախսերը, ինչպես նաև կնպաստի երկրում սահմանադրական բարեփոխումների իրականացմանը:

 

«Համաձայն իմ՝ որպես վարչապետի դիրքորոշման՝ ինչ է պետք ներառել. շրջանային պետական վարչակազմերի վերացում, գործադիր կոմիտեների ստեղծում, կենտրոնական իշխանություններին այն գործառույթներից զրկում, որոնք խորթ են կենտրոնական իշխանությանը: Մենք ամեն ինչ կկրճատենք, կենտրոնական իշխանության թիվը՝ մինչև 20 տոկոս, դա հարկավոր է սահմանադրական բարեփոխումների անցկացման համար»,- հայտարարել է Յացենյուկը: