Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց 15 րոպեով. տուժող կողմի ներկայացուցչի ինքնազգացողությունը վատացել է

14:22 • 28.03.14

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր սկսվեց դերասան Վարդան Պետրոսյանի գործով երկրորդ դատավարությունը։

Մինչ դատական նիստը կսկսվեր, դատարանի բակում տուժող կողմի ներկայացուցիչները բղավում էին, թե այս ամենը շոու է, դերասանը խաղում է, իրենք 16 տարեկան երկու երեխա են կորցրել ու այսօր ստիպված են գալ ու մասնակցել հրավիրված շոուին։


«Մենք չէինք պատրաստվում բողոքել, թող ինքն իր մեղքն ընդուներ ու ամեն ինչ կվերջանար»,– հայտարարում էր տուժող Արթուր Հակոբյանը։


Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ ամբաստանյալի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չէր ներկայացել նիստին, ու նաև ամբաստանյալը հանդես էր եկել միջնորդությամբ, որ ցանկանում է գործում այլ փաստաբաններ ևս ներգրավվեն։


Այսօր արդեն Ֆրանսիայից հրավիրված փաստաբաններ ներկա էին ու մասնակցում էին դատական նիստին։


Դատական նիստի մեկնարկին հայտարարվեց, որ տուժող կողմի ներկայացուցիչ Աննա Կարապետյանի ինքնազգացողությունը դատարանի շենքում վատացել է, շտապ բուժօգնության կարիք է եղել, և բժշկական օգնություն ստանալուց հետո նրանք պատրաստվում են մասնակցել դատին։


Դատարանի որոշմամբ և կողմերի համաձայնությամբ դատական նիստը հետաձգվեց 15 րոպեով։


Տուժողներ Հայկ և Արթուր Հակոբյանների ինքնազգացողությունը ևս վատացել էր և նրանց քիչ առաջ տեղափոխեցին հիվանդանոց։