Ուկրաինայում այսուհետ զորահավաքի ենթակա կլինեն մինչև 55 տարեկան քաղաքացիները
Ուկրաինայի Գերագույն ռադան օրենք է ընդունել, համաձայն որի զորահավաքի դեպքում զորակոչի ենթակա քաղաքացիների տարիքը բարձրացվում է մինչև 55 տարեկան: Այդ մասին հինգշաբթի երեկոյան հայտարարել է Ուկրաինայի խորհրդարանի մամուլի ծառայությունը, գրում է ИТАР-ТАСС-ը:
«Օրենքի նախագծի ընդունումը կնպաստի Ուկրաինայի 40-ից 55 տարեկան քաղաքացիներին իրականացնել հայրենիքի պաշտպանության և դրա տարածքային ամբողջականության սահմանադրական պարտքը»,- հաղորդվում է փաստաթղթին ուղեկցող բացատրական գրությունում:
Բացի այդ, «օրենքի նախագծի ընդունումը թույլ կտա կատարելագործել զորահավաքի անցկացման համակարգը, բարձրացնել Ուկրաինայի զինված ուժերի, այլ ռազմական կազմավորումների պաշտպանունակությունը և կապահովի հայրենիքի և դրա տարածքային ամբողջականության պաշտպանությունը»:










