«Թույլ տվեք ծնկաչոք ներողություն խնդրել». Վարդան Պետրոսյանն օգտվեց խոսքի իրավունքից ու դիմեց տուժող մայրերին
Դերասան Վարդան Պետրոսյանը, դատարանի կողմից խոսքի իրավունք ստանալով, նշեց, որ միանում է միջնորդությանը և ցանկանում է խոսք ասել: «Սա ճառ չի, ցուցմունք չի, ընդամենը կարծիք է՝ հիմնավորելու համար պաշտպանելիս խոսքերը: Այս գործը նաև բարոյական հարց է: Ես խոսքս ուղղում եմ ձեզ, սիրելի մայրեր: Անտակ է ձեր վիշտը ....»,- ասաց նա:
Վարդան Պետրոսյանի խոսքն ընդհատեց տուժող Էդգար Հակոբյանի մայրը, ով տեղից արձագանքեց. «Երանի իմ տղեն էլ կալանավորված լիներ...»: Դատարանը նրան հորդորեց տեղից չխոսել, քանի դեռ իրեն կարծիք արտահայտելու իրավունք չեն տվել: Ամբաստանյալն այնուամենայնիվ խնդրեց թույլ տալ դիմել մայրերին:
«Կարծում եմ՝ ես դրան արժանացել եմ... Դուք կարող եք ամեն ինչ ասել ինձ. լավ կլիներ՝ ես ծնված չլինեի, մեռած լինեի, էդ մասին ինքս եմ ասել, լավ կլիներ ես չլինեի, տղաներն ապրեին: Էսպես, թե էնպես նիստն ընթանալու է, անկախ մեր կամքից ես դատվելու եմ»,- ասաց նա, ապա անդրադառնալով նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելուն՝ հիշեցրեց, որ իրեն դատարան են բերել հիվանդանոցից՝ ծանր վիճակում, կողքին նստած էր շտապօգնության բժիշկը:
«Ինչպես դուք էիք ուշաթափվել, այնպես էլ ես: Քննիչը ներկայացրեց նախնական կալանքի վերցնելու միջնորդությունը, դատավորը դիմեց քննիչին, անգամ հայրաբար՝ Հայկ, դուք իսկապես կարծու՞մ եք (չէ՞ որ այն կիրառվում է ծայրաստիճան վտանգավոր հանցագործների նկատմամբ)` Վարդան Պետրոսյանն այս վիճակում՝ վիրահատությունից նոր դուրս եկած, կարող է վնասել, սպանել, բաներ փոխել, փախչել, երբ բոլորս գիտենք՝ վթարից օրեր անց բոլոր սահմանները փակված էին: Ինձ համար վիրավորական էր ինձ անընդհատ որպես փախստական ներկայացնելը»,- ասաց նա:
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը նշեց, որ երբ նույնիսկ հիմքեր չկային նախնական կալանքի համար, դատավորը գնաց խորհրդակցական սենյակ, վեց ժամ անց եկավ ու կալանավորեց:
«Վճռից երեք ժամ առաջ հեռուստատեսությունը հայտարարում է՝ Վարդան Պետրոսյանը կալանավորված է, գնում է Նուբարաշեն, վճռից երեք ժամ առաջ հայտարարում են որոշման մասին: Քննիչը նշում է, որ՝ այո՛, Վարդան Պետրոսյանը մի ավտովթար ունեցել է, կարող է դուրս գալու երկրորդն ունենալ, դատավորն ասում է՝ դուք իրավաբան եք, ինչ է նշանակում՝ կարող է: Դատավորը նորից բավարարում է այդ միջնորդությունը, այսինքն՝ մեղադրող կողմը հիմք չունի ինձ կալանավորելու, ասում է՝ չունեմ, դատավորը՝ քանի որ քննիչը հիմք չունի, բավարարում է նրա պահանջը, սրանից աբսուրդ բան ես չեմ տեսել։ Ասել եմ՝ զգույշ եղեք, էս որոշումները զայրացնում են հանրությանը, խմբավորումներ են առաջանում, մարդիկ սկսում են պաշտպանել ինձ, դա զայրացնում է տուժող կողմին, նրանք սկսում են քարկոծել ինձ»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ այս կերպ քաղաքականանում է գործը, տպավորություն է ստեղծվում, որ կա քաղաքական հրաման՝ իրեն փորձում են լռեցնել, մինչդեռ իր կարծիքն ուրիշ է:
«Ես այստեղ հնարավորություն չունեցա անձամբ գալու, ձեզ մոտենալու, դա խափանում է ոչ թե իմ ծայրահեղ վտանգավոր հանցագործությունները, այլ մեր հանդիպումները, կներեք, հինգ ամիս չեմ խոսել, ձայնիս մեջ կա բորբոքվածություն… դուք ասել եք, որ Վարդան Պետրոսյանը պիտի հեռուստատեսությամբ ներողություն խնդրի, տասը հեռուստաընկերություն կա այստեղ, թող աշխարհը տեսնի, կարծում եք ես պիտի վախենա՞մ կամ ամաչե՞մ գալ, ձեզնից ներում հայցել, ես ամբողջ կյանքս ձեզնից ներում եմ հայցելու, ես էլ հայր եմ, ես հաճախ եմ երեխաներին նայում, աղոթում նրանց համար ...Սա իմ ողբերգությունն է. ես գիտեմ՝ ինչ է սգավոր մայր, ինչ է հայր»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ այս իր կալանքով խափանվում է իր մոտեցումն ընտանիքին, որ ինքը, չնայած շիկացած վիճակին, գա, ներում հայցի:
«Թույլ տվեք՝ հենց հիմա գամ, ծնկի գամ ձեր առաջ…. Չեմ կարող, թույլ չեն տալիս, տեսնում եք՝ բարոյական քայլ եմ անում՝ օրենքն է դիմացս կանգնում, օրենքին եմ ապավինում, բարոյականությունն են դեմ տալիս: Ի՞նչ անեմ»,- ասաց նա:










