Արամ Ա.-ն ՄԱԿ-ին առաջարկել է ապազինել Քեսաբի շրջանը
Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունի քաղաքական հարցերով պատասխանատու Ջեֆրի Ֆելթմանը երեկ երեկոյան զանգահարել է Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ին։
Կաթողիկոսության կայքը տեղեկացնում է, որ ՄԱԿ-ի պաշտոնյան Վեհափառին հայտնել է, որ ՄԱԿ-ը մտահոգ է Քեսաբում ստեղծված իրավիճակով և հավելել է, որ ինքն այս հարցով հանդիպել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմիի, ինչպես նաև՝ ՄԱԿ-ում Հայաստանի և Թուրքիայի դեսպանների հետ։
Արամ Ա. կաթողիկոսը Ֆելթմանին է ներկայացրել Քեսաբում տիրող վիճակն ու ընդգծել է թուրքական գործոնի կարևորությունը։
Նա ՄԱԿ-ին առաջարկել է քննել Քեսաբի շրջանն ապազինելու հնարավորությունը։ Ֆելթմանը կառուցողական է համարել Վեհափառի առաջարկը, և խոստացել այդ հարցով խորհրդակցություն ունենալ Լախդար Բրահիմիի հետ։










