Ուկրաինայի հարցով Հայաստանի «դեմը» ճիշտ քվեարկություն էր. Արմեն Ռուստամյան
Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևին Հայաստանի «դեմ» քվեարկությունը ճիշտ քվեարկություն էր. այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
Ըստ Ռուստամյանի՝ ոչ մի տարբերություն չկա «դեմ»-ի և «ձեռնպահ»-ի միջև և դեռ ավելին, նա կարծում է, որ «դեմ»-ով Հայաստանը ավելի հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, որ կիրառվում են երկակի ստանդարտներ։ «Ձեռնպահը նույնն է, դրա համար ես ավելի շատ «դեմ»-ին եմ կողմ, միանշանակ կարելի է ասել կամ այս կողմ ես, կամ՝ այն կողմ»,- ասաց նա։
Արմեն Ռուստամյանը խորհուրդ է տալիս, ձեռնպահ քվեարկած 58 երկրներին չանտեսել, որոնք ըստ էության, ցույց տվեցին, որ կողմ չեն։ Իսկ որ 100 երկրներ կողմ են քվեարկել, դրա մասին էլ չի մոռանում։ «Բնականաբար չեմ մոռանում, ուղղակի խոսքը հետևյալի մասին է. ի վերջո, հանրաքվեն տեղի է ունեցել, թե չէ, մնացած հարցերի հետ գործ չունենք։ Իսկ Հայաստանը չի կարող դեմ լինել այն հանրաքվեին, որ իսկապես եղել է ժողովրդի կամքի արտահայտում։ Հնարավոր չէ, որ ժողովրդի երկու հատվածները ստիպողաբար միացվեն։ Ո՞ւմ համար է կասկածելի, որ 75% ռուսներ են ապրում Ղրիմում, ի՞նչ է նշանակում, ռուսները չե՞ն ուզում միանալ ռուսների հետ»,- հարցրեց նա և նկատեց, թե այդ նույն ժողովրդավար կառույցները պետք է հասկանան, որ ժողովրդի կամքին հակառակ լուծումներ չպետք է գտնեն։
Ավելին, Արմեն Ռուստամյանը վստահ է, որ այդ երկրները ժամանակի ընթացքում իրենց տեսակետը փոխելու են, ինչպես եղել է ռուս-վրացական պատերազմի ժամանակ։ «Մնացածը քաղաքական շահեր են, որը բերել է երկարի ստանդարտների կիրառման։ Այդ նույն 100 երկրները, որոնք դեմ են եղել, ինչպե՞ս են բացատրելու, որ Կոսովոյին կողմ են եղել, իսկ Ղրիմին՝ դեմ։ Ինչո՞ւ, որ չի՞ բխում իրենց շահերից»,- ասաց նա։
Ըստ ՀՅԴ պատգամավորի՝ ՀՀ շահը այստեղ շատ հստակ է։ «Մենք ունենք մեր առանձնահատկությունը, իհարկե, և մնացած կոնֆլիկտներն իրենցն ունեն, դեմ եմ նույնացմանը Ղարաբաղի ու Ղրիմի, բայց ազատ կամքի դրսևորումն ու ինքնորոշման իրացումը չենք կարող ասել սխալ է»,- նշեց նա։
Ի դեպ, նա նաև նկատեց, թե բոլոր կոնֆլիկտները Խորհրդային միությունից ստացած ժառանգություն են. միությունը փլուզվեց և մտավ ակտիվ փուլ։










