Թուրքիան երկերեսանի քաղաքականություն է վարում՝ քեսաբցիներին օգնություն առաջարկելով. Արտակ Շաքարյան
Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է ընդունել և մարդասիրական օգնություն ցուցաբերել Սիրիայի Քեսաբ ավանի բնակիչներին, նշանակում է երկերեսանի քաղաքականություն և երկակի ստանդարտներ:
Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ հավելելով, որ թուրքերը մի ձեռքով կոտորում են հայերին, մյուսով իբր՝ ձեռք մեկնում և ամբողջ աշխարհին ցույց տալիս, որ սիրիացիների և հայերի միջև տարբերություն չեն դնում և պատրաստ են իրենց ճամբարներում ընդունել հայ փախստականներին:
«Բնականաբար, աշխարհը շատ լավ հիշում է կամ պետք է հիշի, թե հայի համար թուրքական փախստականների ճամբարն ինչ է նշանակում, և մենք այսօր ականատես ենք դառնում, թե արաբները թուրքական փախստականների ճամբարում ինչ տանջանքների են ենթարկվում»,-ասաց Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքով՝ բնական է, Ահմեթ Դավութօղլուն չէր ընդունելու, որ Քեսաբի վրա հարձակվող ուժերը թուրքական պետության աջակցությամբ են հարձակվում:
«Սակայն, օգտագործելով առիթը, նա ժեստ արեց՝ համայն աշխարհին ցույց տալու, թե ինչ բարեպաշտ և ինչ մտահոգ են թուրքերը: Համոզված եմ, որ ոչ մի հայի մտքի ծայրով չի անցնի թուրքական փախստականների ճամբարում ապաստան գտնել»,-ընդգծեց թուրքագետը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, թե Թուրքիան, որպես մարդասիրական և բարոյական պարտականություն, Քեսաբի շրջանի սիրիահայերին երկրում ընդունելու և նրանց անվտանգությունն ապահովելու ցանկություն է հայտնել և այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին:










