Ուկրաինայի ՆԳ նախարար Ավակովը հրապարակել է Սաշա Բելիի ձերբակալության տեսագրությունը

10:28 • 28.03.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրապարակել է տեսագրությունը, որում վերարտադրված են Ռովնո քաղաքի այն գիշերվա իրադարձությունները, երբ սպանվել է «Պրավիյ սեկտոր» ազգայնական շարժման առաջնորդներից Ալեքսանդր Մուզիչկոն, որը հայտնի է իբրև Սաշկո Բելի:

 

«Ազատության» փոխանցմամբ՝ դա ոստիկանական այն հատուկ ստորաբաժանման մարտիկների արած տեսագրությունն է, որոնք իրականացրել են Մուզիչկոյի ձերբակալությունը: Ավակովը դա տեղադրել է Facebook-ի իր էջում:

 

 

 

Մուզիչկոյի ձերբակալման ժամանակ կատարվածն արտակարգ պատահար է, ուստի անհրաժեշտ է հետաքննություն. այսպիսին է Ավակովի համոզմունքը: Նա վստահեցրել է, որ առաջիկա մի քանի օրերին գործի նյութերից կհանվեն գաղտնիության սահմանափակումները: Հանրային կդառնա գործի նյութերի մատչելիությունը: 

 

Երեկ երեկոյան «Պրավիյ սեկտորի» մոտ 1.500 անդամ պիկետ է կազմակեպել Ուկրաինայի Գերագույն ռադայի շենքի մոտ: Հնչել են շենքը գրոհելու և Ավակովի հրաժարականի պահանջներ: Ուկրաինական համացանցային տիրույթներում՝ նաև հաշվեհարդարի կոչեր:

Վրդովմունքը մեղմել էր նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը՝ խոստանալով համապատասխան հանձնախումբ ստեղծել:

ՆԳՆ-ից նախնական հայտնել են, որ Մուզիչկոն ձերբակալության ժանամակ դիմադրություն է ցույց տվել: Կառույցից Ավակովի հասցեին ավելի վաղ ևս վրեժ լուծելու սպառնալիք էր հնչել: