Ռուսաստանում փակվել է պանրի գործարանը, որի աշխատակիցները լողացել էին կաթի մեջ (լուսանկարներ)

13:00 • 28.03.14

«Ռոսպոտրեբնադզորի»՝ Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության Օմսկի շրջանային վարչությունը դադարեցրել է ««Սիռի» առևտրային տան» գործունեությունը, որի աշխատակիցներն օրերս լոգանք էին ընդունել կաթի մեջ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:

 

Աղմուկ հանած միջադեպին առնչվող նյութերը փոխանցվել են դատական մարմիններ՝ ձեռնարկության գործունեության վարչական դադարեցման համար:

 

Պանրի գործարանում ստուգման ժամանակ սանիտարական օրենսդրության կոպիտ խախտումներ են արձանագրվել: Ի թիվս այլնի, բացակայում են նաև անձնական հիգիենայի ապահովման հնարավորությունները:

 

Ստուգումները, որ սկսվել էին մարտի 26-ին, շարունակվում են: Այն ժամանակ համացանցում նյութեր էին հայտնվել, որոնցում մի քանի երիտասարդներ լողանում են կաթով լցված տեխնոլոգիական տաշտում: Լուսանկարները տեղադրել է նույն գործարանի աշխատակից Արտյոմ Ռոմանովը: Նա հայտնել է, որ այդ կաթը նախատեսված էր հյուսք տեսակի պանրի արտադրության համար: