Ռուսաստանը Ղրիմին և Սևաստոպոլին կտրամադրի ավելի քան 13 մլրդ ռուբլի
Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել Ղրիմին և Սևաստոպոլին ընթացիկ տարում որպես աջակցություն ավելի քան 13 միլիարդ ռուբլի տրամադրել։ Այդ մասին հաղորդվում է Ռուսաստանի կառավարության կայքում, գրում է ria.ru-ն:
«Հաշվի առնելով Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի բյուջեների կատարման ընթացիկ իրավիճակը՝ առաջարկվում է 2014 թվականին դաշնային բյուջեից Ղրիմի Հանրապետության բյուջեին տրամադրել 10,7 միլիարդ ռուբլու չափով ֆինանսական օգնություն և Սևաստոպոլի բյուջեին՝ 2,4 միլիարդ ռուբլի՝ որպես դոտացիա ՌԴ սուբյեկտների բյուջեի հավասարակշռվածությունն ապահովելու գծով միջոցառումների համար»,- ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ տնտեսության տարբեր ճյուղերի, փոքր և միջին արդյունաբերության, աշխատանքի շուկայի և ռուսական շրջաններում քաղաքացիների սոցիալական աջակցության համար նախատեսված է մոտ 334 միլիարդ ռուբլի:










