Դավութօղլուն խոսել է տարածված գաղտնի ձայնագրության մասին և այն Թուրքիայի դեմ պատերազմ է որակել

11:19 • 28.03.14

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է Թուրքիան ցնցած գաղտնալսման հրապարակմանը, որտեղ ինքն ու ուժային կառույցների ներկայացուցիչները գաղտնի խոսում են Սիրիայի ապստամբներին զինելու, սիրիական կողմից Թուրքիայի դեմ սադրանք իրականացնելու և Սիրիայի դեմ պատերազմ սկսելու մասին։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, թե գաղտնալսման հրապարակումը կարելի է համեմատել թուրքական պետությանը պատերազմ հայտարարելու հետ։

 

Համացանցում հայտնված ձայնագրությունն արվել էր Սիրիայի հարցով գաղտնի խորհրդակցության ընթացքում, որին ԱԳ նախարարից բացի մասնակցել են նաև հետախուզության ղեկավարն ու Զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարը։
 

Դրանից հետո Youtube-ն արգելափակվել էր Թուրքիայի տարածքում։

 

Դավութօղլուի խոսքով՝ պետությունն անելու է հնարավորը՝ նման արարքի մեղավորներին գտնելու և պատժելու համար։

 

Թուրքիայի արտգործնախարարը նաև հիշեցրել է, որ Թուրքիայի ուժային կառույցներին գաղտնալսելը երկրի դեմ ուղղված լրտեսություն է։