ԱՄՆ-ում աշակերտուհին 70.000 դոլար փոխհատուցում է ստացել ֆեյսբուքյան գրառման համար

09:52 • 28.03.14

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինևասկա քաղաքի 15-ամյա բնակչուհի Ռայլի Սթրեթոնն իր դպրոցից դատարանի միջոցով որպես փոխհատուցում է ստացել 70.000 դոլար, հայտնում է Взгляд-ը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ 2012թ. Սթրեթոնը Facebook սոցկայքի իր էջում տնային համակարգչից գրառում է արել, ըստ որի՝ ինքն ատում է ուսուցիչներից մեկին։ Տեղեկանալով այս մասին՝ դպրոցի տնօրինությունը ստիպել է Սթրեթոնին իրենց ասել էջի գաղտնաբառն ու աղջկա ներկայությամբ սկսել են ուսումնասիրել նրա ֆեյսբուքյան էջը։ Բացի այդ, աշակերտուհին որոշ ժամանակով հեռացված է եղել դասերից։

 

Սակայն նման բան անելու համար տնօրինությունը նախևառաջ պետք է ունենար աշակերտուհու ծնողների գրավոր համաձայնությունը, ինչը բացակայել է։ Այս միջադեպից հետո Սթրեթոնի անունից Քաղաքացիական իրավունքների պաշտպանության ամերիկյան միությունը դատական հայց է ներկայացրել դպրոցի դեմ՝ նշելով, որ աշակերտուհին ընդամենն արտահայտել է իր զգացմունքներն ու բողոքել է ընկերներին իր ուսուցչից, և ոչ ոքի դրանով վատություն չի արել։

 

Մինչդեռ դպրոցի տնօրինությունը ոտնահարել է աշակերտուհու սահմանադրական իրավունքները։ Իրավաբանների խոսքերով՝ ուսումնական հաստատության տնօրինությունն իրավունք չունի պատժել աշակերտներին՝ հիմնվելով սոցկայքերում նրանց վարքի վրա։