Ընկճվեցի... վատ զգացի...կմտածեմ, կպատասխանեմ. Գալուստ Սահակյանը՝ ի պատասխան ԲՀԿ-ի նախազգուշացմանը
«Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լուրջ չընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հայտարարությունը, որ եթե չընդունեն Կառավարության անվստահության հարցը, ապա իրենց օրերը հաշված են։
«Ուրեմն հաշվել չգիտեն»,-ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ պատգամավորը։
Նրան տեղեկացրին, հակառակ դեպքում երկրում, ըստ ԲՀԿ-ի, ցնցումներ են սպասվում. «Ընկճվեցի... վատ զգացի...կմտածեմ, կպատասխանեմ...»,-ասաց պատգամավորը։
Խոստացած ռադիկալ քայլերը, ըստ Գալուստ Սահակյանի, թյուրիմացություն են. «Երևի բառի իմաստը չեն հասկացել։ Տժվժիկը ո՞վ էր գրել... լավ ստեղծագործություն է»։
Լրագրողներից մեկը, հղում անելով ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի խոսքերը, թե ՀՀԿ-ի համար այս դեպքում «կոճակային» առավելությունը փոփոխական կլինի, պատասխանեց. «Մարդիկ կան, մի 10%-ը, որ իմ ղեկավարած խմբակցության անդամներ են, դա թող չմոռանան»։
Լրագրողները հստակեցրին, ԲՀԿ-ի՞ց. «Այո, Բարգավաճ Հայաստանից»։
«Հիմա՞ էլ»,- շարունակեցին հետաքրքրվել լրագրողները։
«Չէ... Հիմա մոդա է դարձել՝ ով որտեղ ուզում է, ինչ ուզում է՝ ինչ-որ քաղաքական կամ անձնական շահերով, այստեղից այնտեղ է ցատկում»,-ասաց նա։
«Այդ փորձը նկատի ունենալով գուցե առաջիկայում ՀՀԿ խմբակցությունից և՞ս դուրս եկողներ կլինեն»,-հարցրեց լրագրողներից մեկը։
«Ոչ, դա հնարավոր չէ, որովհետև նման խնդիր գոնե մենք չունենք»,-ասաց նա։
Իսկ թե ապրիլի 28-ին, ըստ նրա, ինչ է լինելու, Գալուստ Սահակյանը, դիմելով ԱԺ ճեպազրույցները վարողին, հարցրեց. «Ի՞նչ եք նախատեսել, երեքշաբթի օր է... հա, հայտարարությունների ժամ կլինի»։










