ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի հետ քննարկել է սիրիահայության խնդիրները

23:00 • 28.03.14

Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած ՀՀ խորհրդարանական պատվիրակությունն այսօր հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը։

 

 Ինչպես տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության պաշտոնական կայքից` Վեհափառ Հայրապետն ընդհանուր գծերով ներկայացրել է Քէսաբի ու Լաթաքիայի մեր հայրենակիցներին պատուհասած դժվարությունները, դրանք հաղթահարելու ուղղությամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության կատարած աշխատանքը, ինչպես նաև` իր ունեցած խորհրդակցությունները քաղաքական ու դիվանագիտական շրջանակների հետ։ Վեհափառը նաև այս առիթով իր գնահատանքն է հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահին` արտահայտած զորակցության և իր կատարած աշխատանքների համար, հատկապես` քաղաքական-դիվանագիտական ոլորտում։ 

 

Ինչպես տեղեկացրել էինք` նախօրեին Սիրիա մեկնած պատվիրակությունը հանդիպում էր ունեցել Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադի, Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի և Գլխավոր մուֆտիի հետ, քննարկել ստեղծված իրավիճակը: