Անդրեյ Մակարևիչին ցանկանում են զրկել Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումից

14:59 • 28.03.14

Համացանցում ստորագրահավաք է սկսվել ՌԴ նախագահին ուղղված խնդրագրի համար, որում խնդրում են զրկել երաժիշտ Անդրեյ Մակարևիչին Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչումից և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալից, հաղորդում է «Аргументы и Факты»-ն:

 

Խնդրագրի հեղինակները երաժշտին մեղադրում են մարտի 15-ին Խաղաղության երթին մասնակցելու համար: Մասնավորապես, խնդրագրում ասված է. ««Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալին արժանանում են Ռուսաստանի ամենաարժանի մարդիկ: Եվ այն, որ Մակարևիչն ունի այդ մրցանակը, վարկաբեկում է մեդալը և դրա էությունը»:

 

Պետդումայի պատգամավոր Միխայիլ Մարկելովն այդ խնդրագրի վերաբերյալ ասել է. «Ես եղել եմ Ղրիմում և տեսել՝ ինչպիսին էր շատ մարդկանց արձագանքը նախկին կուռքին: Շատ երիտասարդներ դուրս էին գալիս, կոտրում Մակարևիչի սկավառակները և վրդովվում նրա դիրքորոշման պատճառով: Ասում էին՝ կանեն հնարավորը, որպեսզի Մակարևիչը չհայտնվի Սևաստոպոլի և Ղրիմի այլ քաղաքաների տարածքում»:

 

Ավելի վաղ Անդրեյ Մակարևիչը բաց նամակ էր հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ: Մարտի 15-ին երաժիշտը մասնակցել էր Սախարովի պողոտայում պատերազմի դեմ երթին: