Մոսկվայում «Երկրի ժամը» ակցիայի շրջանակում կանջատվի Կրեմլի և 300 շենքի լուսավորությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել մարտի 29-ին՝ ժամը 20։30-21։30-ը, «Երկրի ժամը» ակցիայի շրջանակներում անջատել Կրեմլի լուսավորությունը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Մոսկվայում նաև կանջատեն ավելի քան 300 շենքի լուսավորությունը, որոնց թվում են ՌԴ կառավարության շենքը, Փրկչի տաճարը, Պետական դուման, Մոսկվայի պետական համալսարանի շենքը և այլն»,-ասված է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։
«Երկրի ժամը» ամենամյա միջազգային էկոլոգիական ակցիա է, որի նախաձեռնողը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամն է։ Ակցիայի նպատակը կլիմայի փոփոխության խնդրի վրա ուշադրություն սևեռելն է։ Այդ ընթացքում մարդիկ 1 ժամով ինքնակամ անջատում են լույսերը։
«Երկրի ժամը» ամենազանգվածային ակցիան է մարդկության պատմության մեջ։ Միայն անցյալ տարի այն աջակցություն է ստացել 150 երկրում։










