Ռուսաստանը սկսում է Ուկրաինայի տարածքում Սևծովյան նավատորմի տեղակայման մասին համաձայնագրերի խզման գործընթացը
Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի տարածքում Սևծովյան նավատորմի տեղակայման կարգավիճակի և պայմանների մասին համաձայնագրերի խզման գործընթացը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Russia Today-ը:
ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում որոշվել է խզել Սևծովյան նավատորմին վերաբերող ռուս-ուկրաինական պայմանագրերը:
«Որոշում է կայացվել ռուս-ուկրաինական մի շարք փաստաթղթերի, մասնավորապես՝ 1997 թվականի մայիսի 28-ին ստորագրված Սևծովյան նավատորմի բաժանման պարամետրերի մասին համաձայնագիրը խզելու գործընթաց սկսելու մասին»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը:
Բացի այդ, հայտարարությունը վերաբերում է 1997 թվականից Ուկրաինայի տարածքում ՌԴ Սևծովյան նավատորմի գտնվելու կարգավիճակի և պայմանների մասին համաձայնագրին, ինչպես նաև 2010 թվականից Ուկրաինայի տարածքում Սևծովյան նավատորմի բաժանման և դրա գտնվելու հետ կապված փոխհաշվարկների մասին պայմանագրերին:










