Օմբուդսմենի հայտարարությունը «Հարսնաքարի գործով» դատաքաննության ընթացքում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ

10:41 • 28.03.14

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել մարտի 24-ին «Հարսնաքարի» գործով դատաքննության ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ 
 

Հայտարարության մեջ ասվում է. «Օրերս ՄԻՊ Կարեն Անդրեասյանին էր դիմել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը՝ հայտնելով մարտի 24-ին Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վահե Ավետյանի մահվան վերաբերյալ քրեական գործով դատավճռի հրապարակման ժամանակ և դրանից հետո իր հասցեին հնչած անհարգալից և սպառնալից խոսքերի վերաբերյալ: Ցավալի է, որ այդպիսի դեպքերը եզակի բնույթ չեն կրում: Վերջերս, Լյուքս Ստեփանյանի մահվան վերաբերյալ գործին մասնակցող փաստաբանի հետ ևս տեղի է ունեցել նմանատիպ միջադեպ:


Մարդու իրավունքների պաշտպանն իր խիստ մտահոգությունն է հայտնում դատարանի դահլիճներում նիստերը լուսաբանող լրագրողների, ինչպես նաև դատական գործերին մասնակցող փաստաբանների նկատմամբ սպառնալիքների, վիրավորանքների կապակցությամբ:


Դատական նիստերի դահլիճում մարդկանց հրապարակայնորեն վիրավորելն ու սպառնալն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է հենց դատարանի նկատմամբ, ինչի համար նախատեսված է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն:


Դատական նիստերին լրագրողների, փաստաբանների և այլ անձանց մասնակցությունը մրցակցային դատավարության, գործերի քննության հրապարակայնության կարևորագույն սկզբունքների տարրն է: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ճնշումների ցանկացած դրսևորում և ակնկալում է թե՛ ոստիկանության և թե՛ դատական կարգադրիչների ծառայության առավելագույն զգոնությունն ու պատրաստակամությունը»: