Սաակաշվիլին կանխագուշակել է, որ Ռուսաստանը կկորցնի Ղրիմը

12:31 • 28.03.14

Վրաստանը լքած նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է կանխագուշակություններ անել։ Այս անգամ նա հայտարարել է Ռուսաստանի անկման մասին՝ Ղրիմի միացման պատճառով, գրում է rosbalt.ru-ն։

 

«Ղրիմը Ռուսաստանի կազմում ապագա չունի։ Ռուսաստանը Ղրիմի հետ նույնպես ապագա չունի։ Դա պետք է հասկանալ»,- ասել է Սաակաշվիլին ուկրաինական «5-րդ ալիքի» եթերում։

 

Նրա խոսքով, քանի որ Ռուսաստանն իրեն պահում է որպես կայսրություն, ապա նրան անկում է սպասվում, իսկ դա «կնշանակի ոչ միայն Ղրիմի, Աբխազիայի կամ Մերձդնեստրի կորուստ, այլ՝ սեփական տարածքային ամբողջականության»,- նշել է Սաակաշվիլին։

 

Հաղորդվում է, որ Սաակաշվիլին Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հետ, քննարկել նրա հետ երկրի իրավիճակը և Ղրիմի հարցը քաղաքական ճանապարհով կարգավորելու հնարավորությունը։