Վրաստանի արտգործնախարարի համար անհասկանալի է Սաակաշվիլիի արձագանքը
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի համար անհասկանալի է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արձագանքը, որը հրաժարվել է անգամ հեռակա հարցաքննությունից, հայտնում է apsny.ge-ն։
«Ես չգիտեմ, թե ինչպիսի գործընթացներ են իրականացվում այդ դեպքում և թե ինչ տեղի կունենա հետո։ Ես կարծում եմ, որ եթե մարդ կարող է օգնել հետաքննությանը, ապա պետք է դա անի։ Դա տարրական քաղաքացիական պարտք է։ Այդ պատճառով ինձ հասկանալի չէ, թե ինչն է նման պարզ հարցի վերաբերյալ, ինչպիսին հարցաքննության կանչվելն է, նման արձագանք առաջացրել»,- ասել է Փանջիկիձեն։
Երեկ Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին առաջարկել էր հեռակա կարգով պատասխանել նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների քննությանն առնչվող հարցերին։
Սակայն նախկին նախագահը հայտարարել է, թե մտադիր չէ մասնակցել հարցաքննությանը։
Նա կասկած էր հայտնել վրացական դատախազության պահանջի օրինական լինելու վերաբերյալ և նշել է, որ ինքը շատ գործեր ունի և «ժամանակ չի վատնի նման հիմարությունների համար»։










