Ընդդեմ պարտադիրի լուռ ակցիան ավարտվեց (ուղիղ, լուսանկարներ, տեսանյութեր)

13:09 • 28.03.14



Ընդդեմ պարտադիրի լուռ ակցիան ավարտվեց


«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած լուռ ակցիան ավարտվեց Սահմանադրական դատարանի դիմաց՝ վերջինիս կողմից արդար որոշում կայացնելու ակնկալիքով:


«Մենք այս քայլով փոխանցեցինք Սահմանադրական դատարանին մեր ակնկալիքը անաչառության ու արդարադատության: Այսօր մենք այս կերպ ևս ակնկալում ենք, որ ՍԴ-ի ձեռքում գտնվող արդարադատության կշեռքի նժարները ևս հավասար են կանգնելու, այլապես եթե արդարադատություն չկայացավ, խնդրի լուծումը և ուղին երկարելու է ու կարող է բերել նաև հանրային ընդվզումների»,- հայտարարեց նախաձեռնության ադամ Դավիթ Մանուկյանը:


Մինչ ակցիայի մասնակիցների հեռանալը ՍԴ-ն նիստն ընդմիջվեց, և այդ ընթացքում նրանց մոտեցավ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով քաղաքացիների մտահոգություններին ի պատասխան՝ ասաց. «Լավ կլինի, հաղթելու ենք, երկրում էլ հաստատվելու է սոցիալական արդարություն»:


Վերջինս հրաժարվեց գնահատական տալ ՍԴ նիստի ընթացքին: «Թող մեր անհիմն փաստարկները հերքեն: Ակնհայտ է բոլորի համար, որ խտրականություն է դրում ՍԴ-ի կողմից»,- ավելացրեց նա:


Իրենց հերթին «Դ!ԵՄ ԵՄ» շարժման անդամները վստահեցրին, որ շարժումը տանելու են մինչև վերջ՝ մինչև հաղթանակ:
 



Այս պահին ՍԴ-ի դիմաց ակցիայի մասնակիցները յուրատեսակ ֆլեշ մոբ են իրականացնում: Նրանք աչքերը փակել են սպիտակ ժապավեններով: Ըստ իրենց բացատրության, դրանով կոչ են անում արդարադատությանը աչքերը փակել բոլոր տեսակի ճնշումների վրա և կայացնել արդար վճիռ:
 

Քաղաքացիներից մեկն էլ իր հետ նժարավոր կշեռք է բերել՝ կրկին ցույց տալու համար, որ պահանջում են արդարադատություն: Նժարներից մեկի վրա գրված է բարձր դատարան, մյուսի վրա՝ կաշառակեր ադմինիստրացիա:
 



Մինչ Սահմանադրական դատարանում ընթանում է «Կուտակային կենսաթոշակների» մասին վիճահարույց օրենքի՝ պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հայցի քննումը, շենքի դիմաց լուռ ակցիա է անցկացնում ընդդեմ այդ օրենքի ստեղծված «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը:


Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը, իրենք իրենց բուն գործողությունների կատարմանը կանցնեն ժամը 13-ից հետո, բայց թե դրանք իրենցից ինչ են ներկայացնում, առայժմ չեն բարձրաձայնում:


Ակցիայի մասնակիցների շարքում են տարբեր տարիքային խմբի ներկայացուցիչներ՝ երիտասարդներից մինչև տարեցներ: Նրանց ձեռքին են «Դ!ԵՄ ԵՄ», «Ժողովրդի կամքը վեր է նեղ խմբակային շահից» և այլ պաստառներ:


Նշենք նաև, որ ՍԴ-ի շենքի ետնամասում կայանել են բազմաթիվ ոստիկանական մեքենաներ, ինչպես նաև բազմաթիվ ոստիկաններ շրջում են տարածքում:


Ակցիայի մասնակիցների շարքերը գնալով ստվարանում են:
 
















 
Live streaming video by Ustream