Սոչիի փողոցային շներին տեղափոխել են ԱՄՆ (լուսանկարներ)
Վաշինգտոն են ժամանել շներ, որոնց փրկել են Սոչիի փողոցներից, հայտնում է CNN-ը: Նրանք այն փողոցային շներն են, որոնք փրկվել են Օլիմպիադայի նախօրեին իրականացվող սպանդից:
Խաղերի ընթացքում ամերիկացի դահուկորդ Գուս Քենուորթին՝ Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, հայտարարել էր, որ Օլիմպիադայից հետո 4 շների է բերելու ԱՄՆ: Նրան է միացել Humane Society International-ը, միասին նրանք ԱՄՆ են բերել տասը շուն:
Նախապատրաստական աշխատանքից հետո շները երկու օր ճանապարհներին են եղել: Այժմ նրանք ԱՄՆ-ում են, և նրանց կարելի կլինի որդեգրել՝ բուժզննումից հետո:
Իսկ մինչ այդ նրանք կգտնվեն Վաշինգտոնի Կենդանիների փրկության լիգայի տարածքում:
Կազմակերպիչները հատուկ ուշադրություն են ակնկալում այս շների նկատմամբ, քանի որ Խաղերից առաջ նրանց ոչնչացնելու մասին լուրերին միջազգային հանրությունը բուռն է արձագանքել:


















