Ազատամարտիկների նոր միավորում ստեղծել պետք չէ, մենք արդեն կազմակերպություն ենք. Սուրեն Սարգսյան
Ազատամարտիկների ռազմադաշտային միավորման նախագահ Սուրեն Սարգսյանը գտնում է, որ ազատամարտիկների նոր կազմակերպություն ստեղծել պետք չէ, իրենք հենց կազմակերպություն են`այնպիսին, ինչպիսին Ազատամարտիկների ռազմադաշտային միավորումն է, որը դարձել է աշխատանքային խումբ:
«Մեր շարքերը համալրվել են, և ես վստահ եմ, որ մենք իրենց կտեսնենք մեր կողքին, որովհետև իրենք մեր ընկերներն են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ազատամարտիկների նոր միավորում է ստեղծում:
Սուրեն Սարգսյանը, ով ամիսներ շարունակ իշխանափոխության պահանջով հանրահավաքներ իրականացնող մի խումբ ազատամարտիկների հետ Ազատության հրապարակ էր դուրս եկել, նշեց, որ ինքը միայն ստեղծված իրավիճակից ելքը կարող է ասել. «Դա այն է, որ այնտեղ, ի դեմ Ռուստամ Գասպարյանի, մենք լավ ընկեր ունենք, և մենք սպասում ենք մեր ընկերներին, որ գան ու միանան մեզ»:
Իսկ հարցին, թե արդյո՞ք նոր ստեղծվող կառույցը հակակշիռ էԵրկրապահ կամավորականների միավորմանը, նա չցանկացավ պատասխանել, միայն ավելացրեց, որ ազատամարտիկների սոցիալական հարցերով զբաղվելուց առաջ պետք է նախ` երկրի «խուժանին քշել»:
«Եթե չքշենք, ընդամենը կյուրոսյան հաղթանակների պես բան կլինի: Մեկին մի կտոր հաց ավել կամ պակաս տալու հարց է, բայց նախ պետք է երկիրն օրինական դարձնել, երկրի հանցագործ իշխանություններին քշել, որից հետո բոլոր հարցերը, այդ թվում` սոցիալական խնդիրները կկարգավորվեն, իսկ էսպես պարզապես մտածել մեր սոցիալական հարցերը լուծելու մասին` այս իշխանության առկայության պարագայում անհնար է»,-ասաց Սուրեն Սարգսյանը:
Վերջինս նաև նշեց, թե չի կարծում, որ ԲՀԿ-ն փորձում է ազատամարտիկներին իր կողմը քաշել, քանի որ ազատամարտիկները Հայաստանի կողմն են:
«Ես վստահ եմ, որ դուք մեզ բոլորիս մի տեղում կտեսնեք,այդ թվում` այդ միավորման մեջ ընդգրկվող մեր ընկերներին: Մենք բոլորս մեկ ենք դառնալու, շատ շուտով դուք դրա դրսևորումները կտեսնեք»,-եզրափակեց նա:










