The Guardian-ի գլխավոր խմբագիրը հայտնել է իշխանությունների կողմից սպառնալիքների մասին

15:19 • 28.03.14

Բրիտանական The Guardian պարբերականի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերը պատմել է, որ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները սպառնում են փակել պարբերականը, քանի որ ԱՄՆ ԿՀՎ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած լրտեսումների մասին նյութերի հրապարակումները սպառնում են երկրի անվտանգությանը և խնդիրներ են ստեղծում բարձրաստիճան քաղաքական գործիչների համար, գրում է Взгляд-ը։

 

«Մեզ սպառնացել են, որ կփակեն։ Մեզ մեղադրել են, որ մենք վտանգ ենք ստեղծում երկրի ազգային անվտանգության և մարդկանց կյանքի համար։ Դա մեզ շատ դժվարին կացության մեջ է դրել»,- ասել է խմբագիրը։

 

Ռասբրիջերը չի հասկանում է, թե ինչպես է ստացվել, որ Սնոուդենի բացահայտումներն ԱՄՆ-ում հանգեցրել են հատուկ ծառայությունների իրավունքների սահմանափակումների, իսկ Մեծ Բրիտանիայում իշխանությունները պարզապես վախեցնում են ԶԼՄ-ներին՝ սպառնալով խոսքի ազատությանը։

 

Խմբագիրը պատմել է նաև, որ բացահայտումների հրապարակումը հեշտ չի եղել խմբագրության համար։ «Աշխատակիցները չէին կարողանում ուղղակիորեն շփվել միմյանց հետ, դրա համար նրանք օգտագործում էին հատուկ կոդ»,- ասել է Ռասբրիջերը։

 

Նրա խոսքով՝ խմբագրությունում հատուկ սենյակ է ստեղծվել, որն ապահովված է եղել անվտանգության աննախադեպ միջոցներով։ Մուտքի մոտ 24 ժամ եղել են անվտանգության աշխատակիցներ։ Սենյակում ընդհանուր ցանցին չմիացված համակարգիչներով աշխատել են հեղինակները։